Քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի անդամ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի առաջարկը`որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ, դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել:
Գրականագետ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պատմականորեն ձևավորվել է միջավայր, պատմականորեն ձևավորվել են բուհեր. «Այն ուսանողները, ովքեր գալիս են Երևան սովորելու, գալիս են նաև մշակութային միջավայրի մեջ լինելու: Դասը չէ միայն, այլև մայրաքաղաքային դաստիարակությունը: Սա աղետալի ծրագիր է: Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է մնա իր տեղում: Դա նույնն է, թե Օքսֆորդի համալսարանը տեղափոխեն Լիվերպուլ, Քեմբրիջի համալսարանը` Լոնդոն: Չի կարելի»:
Դավիթ Գասպարյանից «Իրատեսը» հետաքրքրվեց` գուցե քաղաքակա՞ն ենթատեքստ ունի այս առաջարկը, քանի որ, հատկապես պրեմյակովյան դեպքերից հետո, Գյումրին օր օրի դատարկվում է:
«Հիմա էլ ուզում են մայրաքաղաքը դատարկել,- ի պատասխան ասաց գրականագետը:- Գործարանները փակվեցին, բուհերն էլ փակվեն, երկիրն ավերվի, վերջանանք-գնանք որպես ժողովուրդ: Դրանք մշակութային կարևոր ձեռբքերումներ են, պատմագիտական, ուսումնակրթական արժեքներ, դրա՞նք էլ վերացնենք»: Դավիթ Գապարյանի կարծիքով՝ այս «մարտավարությամբ» Գյումրու ամայությունը չի լցվի, ոչ դասախոսը կգնա Գյումրի, ոչ էլ ուսանողը: «Նրանք կգերադասեն արդեն ուրիշ տեղ գնալ: Այնքան ճանապարհներ կան: Ասենք գնացին Գյումրի, օրվա վեց ժամը նստեցին դասի, հետո՞ ինչ անեն: Կրկնում եմ՝ Գյումրիում երկու բուհ կա, բավական է: Հիմա մտածեք Երևանը պահելու մասին»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ